Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Շապիկի տակ եղած շապիկը

Շապիկի տակ եղած շապիկը
01.11.2013 | 12:26

Ի՜նչ մի հեծանիվ հորինած կլինենք` ասելով, որ մեր երկրի իրականությունը զավեշտի պակասախտությունից չի տառապում: Անկախ ներկայացրած ոլորտից: Սա հարկավ վատ է: Շատ ավելի վատ է, երբ այն նվազման միտումներ չի դրսևորում: Սակայն շատ ավելի սարսափելի է, երբ եղածին գալիս են ավելանալու նորերը: Հասկանալի է` ներքին վարժվածությամբ դրանք շատ ավելի տանելի կլինեին, եթե լինեին անգիտակցաբար, բայց երբ արվում են հստակ դիտավորությամբ, սա արդեն, կներեք, ուրիշ բանի է նմանվում:

Վերջին իրադարձությունների հենքի վրա հայ հասարակությունը միանգամայն անակնկալ տեղեկացավ, որ մեզանում էլ կա, գործում է վոլեյբոլ մարզաձևը: Ավելին, իմացավ, որ մարզաձևը նաև ֆեդերացիա ունի, ֆեդերացիան` նախագահ, որ ֆեդերացիայի նախագահի ընտրություններ են եղել, ու այս հողի վրա էնպիսի «կաշ-կալամաշկա» է առաջացել, բանը հասցնելով նրա՜ն, որ միջազգային ատյաններին ենք դատավոր կանչում մեր էս անշառ շառը քննության առնելու, մեզ խելքի բերելու, երկրի մարզական կյանքում կարգ ու կանոն հաստատելու համար:
Չէ՜, աչքիս «գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել» թումանյանական պատմությունը իրականում, ոնց որ թե, այնքան էլ հորինված ու այնքան էլ կենցաղային պատմություն չէ: Սակայն եկեք գիտությամբ, թե անգիտությամբ Գիքորին «փուռը» տված Համբոյին թողնենք մի կողմ ու, հեյ վախով դառնանք Սուրիկ Խաչատրյանին` «ականջդ կանչի ու տեղդ դադար չառնես» ասելով ու, այդ ասելը հարց դարձրած, երկրորդելով` բա քո արածն արած է՞ր, որ համ մարզպետությունից զրկվեցիր, համ երկրի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ու էս ուղտի ականջում քնած հանրությանը, ոլորտի համար պատասխանատու նախարարությանը, ՀԱՕԿ-ին ու անձամբ նրա նախագահին (դեռ Արթուր Բաղդասարյանին էլ վրադիր) հուշելով, որ երկրում վոլեյբոլ կոչված մարզաձև կա, ու էդ մարզաձևն այնպիսի քաղաքական բարձր հնչողություն ունեցող նախագահական պաշտոն ունի, որի համար միս կրծելը, արյուն թափելը որոշ ստվերայինների ջանքերով դարձել է երկրի համարումը միջազգային ատյանների կողմից քննության ենթակա հարց:
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալը թե մանկության ի՜նչ մի չիրականացած երազանք էր Արթուր Բաղդասարյանի համար` թողնենք մի կողմ, ինչպես որ մի կողմ թողեցինք Համբոյին, քաղաքականության մեջ նույնքան գյուղացի Սուրիկ Խաչատրյանին ու դառնանք երկրի վզով այս անչափ տհաճ պատմությունը կամա, թե ակամա փաթաթած Յուրի Վարդանյանին ու Գագիկ Ծառուկյանին` մեկը երկրի սպորտի նախարար, մյուսը` երկրի օլիմպիական կոմիտեի նախագահ:
Չսիրեցի՛ր ինձ, բարեկամս, չսիրեցի՜ր` կողքի աչքի համար նկատելի փոխադարձ պատկառությամբ ու սիրալիրությամբ հավասարապես երկուսն էլ կարող են մեղադրել իրար, ու երկուսն էլ իրավացի կլինեն, քանզի մեզ անհայտ «գետնին» վրա (նյութի տրամաբանությունն է այս փուլում պարտադրում «անհայտ» բառի գործածությունը) մեկը չուզելով չտեսավ ոչ այնքան հայկական սպորտի փողի քսակին, ով Մամոնայի ուժով և, ինչու չէ, նաև մարդկային ինչ-ինչ հատկանիշների շնորհիվ սպորտի աշխարհի մարդկանց համար եղավ եթե ոչ սիրելի, գոնե` ընդունելի, մյուսը տեսնել չուզեց արդեն պետական մակարդակով այդ նույն սպորտի համար պատասխանատու թիվ մեկ անձին, որովհետև մինչ Վարդանյանի նշանակումն այդ պոստն իր կուսակցական բաղ ու բոստանն էր, աթոռին նստածները` գրպանի էն բաները… տղերքը, էլի, ուրիշ բան չմտածեք:
Յուրի Վարդանյանը, եթե անգամ բնավորությունն ու պահվածքն էլ դնենք մի կողմ, Գյումրվա հողով իսկ արդեն պայմանավորված դիք խոսող անձնավորություն, մեջքին հանրապետության նախագահի աջակցությունն ու վստահությունը, որպես վաստակաշատ մարզիկի, հայկական սպորտի լեգենդի, չգնաց ի դուռն «Տիզբոն», ամենայն հավանականությամբ կարծելով, որ ինքն աշխարհի կենտրոնն է ու կա, իսկ «Տիզբոնը», որ յուր բոլորեքյան եղած ստրկահաճների փաղանգի գոյությամբ ու նրանց առյուծասաստ անելու զորությամբ վրան ձևաչափում է ամենակարողի տիտղոսը, չկարողացավ տանել այդ անպատվությունը: Արդյունքում ծայր առավ մի գզվռտոց, որի շարունակականությունը մեկմեկու բացասման բացասումն է այն աստիճանի, որ արդեն բամբասանքի, իսկ գուցեև իրականության ուժով ծայր են առնում խոսակցություններն այն մասին, թե ՀԱՕԿ-ի նախագահը հստակ դիտավորությամբ մարզիկներին դիմավորելու է գնում առանց նախարարի (դե կներեք, է՛լի, որ գնաս դիմավորելու, ո՞վ է թևդ բռնելու կամ ոտք գցելու. դա էլ հո հրավերով խաշի սեղան չէ՞), զբաղված է պոպուլիզմով, առիթը բաց չի թողնում հանրությանը մատնակոխ անելու, թե ով է հայկական սպորտում թիվ մեկ մարդը, հարց որոշողը:
Իհարկե, այս ամենից (թե գնալիս ձեն չտալուց, թե գնալիս ձեն տալուն սպասելուց) երկուստեք մի այլ կարգի տղայամտություն է փչում, սակայն ցավն այն է, որ կողմերի կամ գոնե կողմերից առնվազն մեկի այս երջանիկ անգիտության (թե՞ գիտության) մեջ ստվերային հայտնի ուժերը, որ վարժ են պղտոր ջրում ձուկ որսալու արվեստին, հետևողական ու նպատակասլաց գնում են իրենց հերթական թակարդը դնելու ճանապարհով, որի վերջն ու տրամաբանական հանգուցալուծումը վոլեյբոլի նախագահի ընտրության քաղաքականացումն էր ընդհուպ այն աստիճանի, որ սպառնում է երկրի քաղաքական վարկին, նրա վրա եվրոպաներից «տղա բերելուն»:
Ինչումն է արտահայտվում այդ «տղա բերե՞լը»: Սկսվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահին հետ կանչելու մի ողջ գործընթաց` միջազգային օրենքների կետերին ու ենթակետերին հղումներով (կարդացեք ՀԱՕԿ-ի հայտարարությունը, լսեք ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի «օրինապաշտ» մեկնաբանությունները):
Առաջին հայացքից ՀԱՕԿ-ի արածը միանգամայն գովելի քայլ է, զի երկիրն առանց օրենքների անօրինությունների դաշտ է ու անօրենների գործունեության դաշտ: Սակայն անհանգստացնողը ոչ թե օրենքների խստագույն կիրարկումն է կամ այդ կիրարկումը ցանկության մակարդակից օրենքի ուժով ամրապնդելը, այլ այդ կիրարկման գիտակցման ընտրականությունն ըստ նպատակահարմարության։ Իսկ որ տվյալ պարագայում գործ ունենք նման բանի հետ, գոնե ինձ համար անկասկած է: Ցավն այստեղ է, ու ցավն այդ սա է, թե չէ Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան, ՀՀ սպորտի նախարարություն-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե հակասությունները մանր, նեղ խնդիրների շարքից են, եթե շապիկի տակ շապիկ չունենային:
Ընդհանրապես անտիսանիտարիայի աղաղակող վկայություն է, երբ աղբը տանն ես պահում: Խելամիտ մարդիկ այն սուսուփուս աղբարկղին են հանձնում, բայց ոչ երբեք այն ցուցք սարքում` ի՞նչ է պատահել. տուն է` մաքրում ես, քունջուպուճախ աղտազերծ ու նաև ախտազերծ ես անում: Դա տանտիրոջ հոգեբանություն ունեցողի համար դրոշ դարձնելու բա՞ն է: Ընտրություն է եղել օրենքի տառի խախտումո՞վ, ինչ-որ մեկի ամբիցիաների գոհացումով ու ինչ-որ մեկի ամբիցիաների ոտնահարումո՞վ… Եղբա՛յր, օրենքի տառի ոգով էլ խախտումն ուղղեք` առանց շահարկումների գնալու: Երկիրը ձեր ձեռքն էն անտերի մեջ հո չի՞ ընկել: Իսկ եթե հարցի տակ շահարկումներ կան, ու շահարկողներ կան, դրանց նկատմամբ` երևույթ թե անձ, վերաբերմունքը պիտի լինի հատու ու անաչառ։ Իսկ դրա համար չէ՞ որ կա գոնե վիրահատական նշտար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ